Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) նավթի համաշխարհային պահանջարկի 2015 թվականի կանխատեսումը պահպանել է օրական 92,5 մլն բարել մակարդակի վրա, ինչը 1,18 միլիոնով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը. պահանջարկի աճի արագացում է սպասվում երկրորդ կիսամյակում: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետևում է կազմակերպության հունիսյան զեկույցից:
Անցյալ տարվա արդյունքներով պահանջարկի գնահատումը նույնպես առանց փոփոխությունների է մնացել նախորդ կանխատեսման համեմատությամբ՝ կազմելով օրական 91,32 մլն բարել:
2015 թվականի առաջին եռամսյակում օրական պահանջարկը, ՕՊԷՔ-ի գնահատման համաձայն, կազմել է 91,51 մլն բարել: Կազմակերպության կարծիքով, երկրորդ եռամսյակում պահանջարկը կկազմի օրական 91,37 մլն բարել, երրորդում՝ օրական 93,21 մլն բարել, չորրորդում՝ օրական 93,89 մլն բարել:
Դրա հետ մեկտեղ մայիսին նավթի արդյունահանումն աշխարհում, ըստ նախնական տվյալների, նվազել է օրական 270 հազար բարելով՝ օրական մինչև 94,06 մլն բարել:
ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրներում արդյունահանումն ընթացիկ տարում, ինչպես սպասվում է, կկազմի օրական 57,16 մլն բարել, ինչը 680 հազար բարելով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը (մայիսյան կանխատեսման համեմատությամբ անփոփոխ է): ԱՄՆ-ում արդյունահանման կանխատեսումը նույնպես մնացել է առանց փոփոխությունների՝ օրական 13,56 մլն բարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: