Saudi Aramco-ն նախորդ շաբաթ կրճատել է նավթի արդյունահանումը՝ չսպասելով նավթ արդյունահանող երկրների (OPEC+ անդամ 23 երկրներ) մայիսի 1-ից նավթի ծավալների համատեղ կրճատմանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության աղբյուրներին:
Saudi Aramco-ն արդյունահանումն օրական մոտ 12 միլիոն բարելից կրճատում է մինչև իր պարտավորություններով նախատեսված 8,5 միլիոն և կարող է հասնել սահմանված ցուցանիշին ավելի շուտ, քան մինչև մայիսի 1-ը:
Քուվեյթը, Ալժիրը, Նիգերիան նույնպես ցանկանում են OPEC+ համաձայնագիրը վաղաժամկետ կյանքի կոչել, որը պետք է դադարեցնի շուկայում առաջարկի և պահանջարկի միջև առկա անհավասարակշռությունը:
OPEC+ անդամ երկրների նավթի արդյունահանման ընդհանուր կրճատումը պետք է կազմի 9,7 միլիոն բարել:
Նավթի անբավարար սպառման պատճառով այժմ ամեն շաբաթ պահուստարաններում պահվում է 50 միլիոն բարել նավթ, իսկ այս տեմպերով մինչև հունիս կսպառվեն նավթի պահպանման համար նախատեսված բոլոր ազատ տարածքները: