Չինաստանը կշարունակի նավթի արդյունահանումը Հարավչինական ծովում Վիետնամի հետ վիճելի ջրատարածքում: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի ժողովրդա-ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Ֆան Ֆենհուեի հայտարարությանը:
«Մենք մտադիր ենք ապահովել նավթային հարթակի անվտանգությունը, ինչպես նաեւ դրա հետագա աշխատանքը»,- ասել է գեներալ գնդապետը Պենտագոնի իր գործընկերների հետ բանակցությունների ավարտվելուց հետո:
Նա հավելել է, որ բողոքի ակցիաները, որոնք նախօրյակին տեղի են ունեցել Վիետնամի չինական ձեռնարկություններում եւ որոնց մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, ոչ մի կերպ չեն ազդի նավթի հորատման կայանքի աշխատանքի վրա:
Նախօրյակին հաղորդվել Էր, որ Կենտրոնական Վիետնամի հյուսիսային մասում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել 21 մարդ, տուժել է շուրջ հարյուր հոգի: Ընդհարումներն սկսվել են մայիսի լույս 15-ի գիշերը, երբ մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են գրոհով գրավել Formosa Plastics Group պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է տայվանյան կորպորացիայի: Զոհվածներից հինգը վիետնամցիներ են, իսկ 16-ը, ենթադրաբար, Չինաստանի քաղաքացիներ:
Չինաստանի եւ Վիետնամի միջեւ վեճը սրվել է մայիսի 2-ին, երբ չինական ռազմանավերի ուղեկցությամբ Պարասելյան կղզիների շրջան է ժամանել «Հայան Շիյու-981» հորատման հարթակը: Վիետնամական նավերը փորձել են խանգարել դրա տեղակայմանը, արդյունքում չինական նավը խոյահարել է վիետնամական երկու նավերի:
Պաշտոնական Հանոյը այդ շրջանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին, իսկ Պեկինը հայտարարում է, որ դա ՉԺՀ-ի ջրատարածքն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: