Կանադան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար կշարունակի ուժերի ծավալումը Մերձավոր Արեւելքում՝ չնայած կանադացի զինծառայողների վրա իսլամիստների ձեռնարկած գրոհներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Նիքոլսոնը:

 

«Իրաքում միջազգային կոալիցիային աջակցելու համար մեր ուժերի ծավալումը կշարունակվի՝ հակառակ ամեն ինչի: Մեր զինծառայողները կշարունակեն կատարել Կանադան եւ կանադացիներին պաշտպանելու իրենց պարտքը»,- ասել է նա:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, երկրի օդուժը իսլամիստների դիրքերը կռմբակոծի միայն Իրաքի տարածքում: Նա ընդգծել է, որ զինծառայողները չեն մասնակցի հնարավոր ցամաքային գործողությանը:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալների դիրքերին առաջին մարտական հարձակումները կանադացի օդաչուները կարող են կատարել արդեն հոկտեմբերի վերջին:

 

Նախօրյակին Միշել Զեհաֆ Բիբոն՝ ծնված 1982 թվականին, դիմահար կրակ է բացել Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված կանադացիների հուշահամալիրի մոտ կարգված պատվավոր պահակախմբի զինվորի վրա: Ականատեսների խոսքով՝ հրացանով տղամարդը գրոհից հետո վազել է խորհրդարանի ուղղությամբ: Ավելի ուշ նա գնդակահարվել է ոստիկանության կողմից: Պարզվել է, որ հանցագործը Կանադայի քաղաքացի է:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Կանադայի խորհրդարանի եւ կառավարության աշխատակիցները տարահանվել են այն հրաձգության պատճառով, որը Միշել Զեհաֆ Բիբոն բացել էր վարչական շենքերի անմիջական մերձակայքում:

 

CBC հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Զեհաֆ Բիբոն իր աքաունթն ուներ Twitter-ում, որի հաճախակի այցելուներից մեկը 25-ամյա արմատական իսլամիստ Մարտին Ռուլյոն էր: Այդ կանադացին անցած երկուշաբթի օրն ավտոմեքենայով Աեն-Ժան-սյուղ-Ռիշելյո քաղաքում (Քվեբեկի նահանգ) վրաերթի էր ենթարկել երկու զինվորների: Ավելի ուշ զինծառայողներից մեկը վախճանվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: