Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) հուլիսին նավթի հանույթն ավելացրել Է մինչեւ ավելի քան երեք տարվա ռեկորդային ցուցանիշ՝ Իրանում արտադրության աճի ֆոնին, տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՕՊԷՔ-ի մամուլի տեղեկագրին:

 

 

Անցյալ ամսին կարտելի հանույթն աճել է օրական 100,7 հազար բարելով եւ կազմել 31,5 միլիոն բարել: Այդ թվում Իրանը հանույթն ավելացրել Է օրական 32,3 հազար բարելով՝ մինչեւ 2,86 միլիոն բարել, ինչն առավելագույն ծավալն Է 2012 թվականի հունիսից ի վեր:

 

 

Միեւնույն ժամանակ Սաուդյան Արաբիան արտադրությունը կրճատել Է օրական 202,7 հազար բարելով՝ մինչեւ 10,36 միլիոն բարել: Դա ցուցանիշի ամենազգալի նվազումն Է անցյալ տարվա օգոստոսից ի վեր:

 

 

ՕՊԷՔ-ն իր հաշվետվությունում նաեւ 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի գնահատումը բարձրացրել Է օրական 90 հազար բարելով՝ մինչեւ 1,38 միլիոն բարել: Այսպիսով, ընթացիկ տարում նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի օրական 92,7 միլիոն բարելի՝ հուլիսին սպասված 92,5 միլիոն բարելի դիմաց:

 

 

2016 թվականին ցուցանիշի աճի տեմպերն, ինչպես սպասվում Է, կկազմեն օրական 1,34 միլիոն բարել, իսկ սպառման ընդհանուր ծավալը կհասնի օրական ռեկորդային 94,04 միլիոն բարելի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: