Ավստրալիան մտադիր է ավելացնել Իրաքում գործող իր զորակազմի թվաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին հաղորդել է The Syndey Morning Heral թերթը:

 

Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում է ընթացիկ տարվա կեսերին 200-ից մինչեւ 300 ավստրալացի զինվորականների փոխադրմանը՝ Իրաքի ռազմակայաններից մեկում տեղաբաշխելու համար, որոնք հանդես կգան որպես հրահանգիչներ եւ կուսուցանեն իրաքյան բանակի կանոնավոր զորամասերին:

 

Այս տարվա մայիսին Իրաք զինվորական հրահանգիչներ ուղարկելու պլանների մասին փետրվարի 24-ին հայտարարել էր Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին: Ընդամենն Իրաք կուղարկվեն նորզելանդացի 143 զինծառայողներ, բայց նրանք չեն մասնակցի մարտական գործողություններին, ընդգծել է վարչապետը:

 

Ինչպես հայտնել է Ավստրալիայի զինված ուժերի հրամանատար Մարկ Բինսկինը, ավստրալական եւ նորզելանդական ռազմական գերատեսչությունները քննարկում են Իրաքում հնարավոր համատեղ գործողությունների համակարգման հարցերը, բայց առայժմ պաշտոնական որոշում չի ընդունվել: Բացառված չէ, որ այդ որոշման մասին կարող է հայտարարվել առաջիկա հանգստյան օրերին Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտի՝ Նոր Զելանդիա կատարելիք այցի ընթացքում:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ավստրալիան Արաբական Միացյալ Էմիրությունների Մինհադ ռազմաբազա է փոխադրել ութ ինքնաթիռ, ռազմաօդային ուժերի ստորաբաժանում (շուրջ 400 մարդ) եւ հատուկ նշանակության ուժեր (մոտավորապես 200 մարդ): Հոկտեմբերի սկզբին ավստրալիական ինքնաթիռներն սկսել են հարվածներ հասցնել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, իսկ նոյեմբերին հատուկ նշանակության ուժերը ԱՄԷ-ից տեղափոխվել են Բաղդադի մերձակա շրջան: Նրանք չեն մասնակցում մարտական գործողություններին, հանդես են գալիս խորհրդականների դե րում եւ զբաղվում են իրաքյան բանակի ստորաբաժանումների ուսուցմամբ: