«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլեւ այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է՝ կազմելով 10.1 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին պակասել է 7.3 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չի կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա»: