«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կորոնավիրուսից վարակված պացիենտների առողջական վիճակի մասին մանրամասներ:

 
 

«Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդներին և կարճ ժամանակ անց այնպիսի կլինիկական ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են շնչահեղձությունը, տագնապի զգացողությունը, օդի պակասը: Այդ գերլարվածությունը բերում է մի այնպիսի վիճակի, որ հիվանդների մոտ զարգացման ընթացքը բերում է որոշակի առումով անկառավարելի վիճակի: Բառիս բուն իմաստով, աչքիդ առաջ կորոնավիրուսով հիվանդները սկսում են շնչահեղձ լինել: Մենք կիրառում ենք շնչառական ապարատներ նման հիվանդների համար: Ցավոք սրտի, հիվանդությունն ընթանում է անկառավարելի՝ անակնկալներ մատուցելով: Բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են. չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը: Այսօրվա բուժական մեթոդները դեռևս չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- ասաց Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ իրականացվում են բոլոր այն միջոցառումները, որ ծանր ընթացքով պացիենտներն ստանան լիարժեք բուժական միջամտություններ, որոնք այսօր կիրառվում են ամբողջ աշխարհում:

 

«Ես՝ որպես ռազմական բժիշկ, այս իրավիճակը գնահատում եմ պատերազմ, սա պատերազմ է, որտեղ մեր բուժհաստատությունները վերածվել են մարտի դաշտերի...: Այս պատերազմում հաղթելու համար մենք ունենք շատ մեծ ու հզոր զենք՝ իրավիճակի սթափ գնահատումը և գիտակից մոտեցումը ստեղծված իրրավիճակին»,- ասաց բժիշկ Մանուկյանը:

Տեսանյութը՝ 24news-ի