Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն իրական ազգային անվտանգության սպառնալիք է։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` հավելելով, որ ոչինչ չունի նոր ԱԱԾ տնօրենի դեմ:

 
 

«Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն իրական ազգային անվտանգության սպառնալիք է․ մարդ, որը չունի կառավարման փորձ, որը չունի ազգային անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ Իսկ ազգային անվտանգությունը միայն տնտեսական և կոռուպցիոն բնույթի դեմ պայքարը չէ։ Այո՛, մարդիկ կարող են տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարել, բայց Ազգային անվտանգության ծառայությունը ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունն է, հակահետախուզությունն է։ Իսկ նման աշխատանք կատարելու համար պետք է ունենալ երկարամյա փորձ»,- ասաց նա։

Անդրադառնալով քաղհասարակության ակտիվիստների դիտարկումներին, թե համակարգի դրսից երիտասարդ կադրի նշանակումով ռուսական ազդեցությունը ՀՀ ԱԱԾ-ի վրա կնվազի՝  ԱԱԾ նախկին տնօրենն ասաց.

 
 

«Ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբեւիցե չի եղել։ Դրանք կեղծ պնդումներ են։ Քաղհասարակություն ասելով պետք չէ մատնանշել մի քանի հոգու։ Դրանք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Եվ դա կեղծ պնդում է, նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը»: