Եթե նախկինում ԱՄՆ կարող էին հասնել բոլոր հնարավորություն ունեցողները, բոլոր հնարավոր և անհնար պատնեշները հաղթահարողները, ապա հիմա Ամերիկայի դռները բաց կլինեն միայն ընտրյալների համար։ Իսկ ընտրյալը պետք է լինի խիստ կրթված։ Փաստորեն, Ամերիկան էլ ոչ թե աշխատուժի, այլ խելացի մասնագետի կարիք ունի։ Չի բացառվում, որ Թրամփի վարչակազմի նոր պահանջներով՝ շուտով Միացյալ Նահանգներում էլ բարձրագույն կրթությամբ ու անգլերենի գերազանց իմացությամբ հավաքարարներ պահանջեն։ Այն, որ Հայաստանն աչքի է ընկնում իր որակյալ կադրերով՝ գաղտնիք չէ, այն, որ այդ կադրերի զարգացման և ինքնադրսևորման համար չկան պայմաններ՝ նույնպես: Հետևաբար, ԱՄՆ-ի այս վերջին նախաձեռնությունը էականորեն մեծացնելու է դեպի այս երկիր հայ որակյալ մասնագետների արտահոսքը:

Հայաստանի անկախության տարիներից սկսած՝ արտագաղթի ալիքը տարբեր տարիներին տարբեր հիմնական պատճառներ է ունեցել: Կարելի է առանձնացնել երեք փուլեր փոքր-ինչ կոպիտ խմբավորելու դեպքում: 90-ականներին մարդիկ Հայաստանից հիմնականում մեկնում էին պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի պատճառով: 2000-ականներին արդեն սկսեցին դժգոհել աշխատեղերի բացակայությունից, ցածր աշխատավարձերից: Միգրացիան արդեն փախստականների ներհոսք եւ արտահոսք չէր, այլ աշխատանքային միգրանտների շարժ, եւ պատճառներն արդեն ավելի շատ տնտեսական էին` աղքատություն եւ այլն: Արդեն վերջին տարիներին Հայաստանից մեկնում են հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետները: Ունենք ուղեղների արտահոսք, որի վտանգները իրականում ավելի բացասական կլինեն, քան եթե մենք զուտ աշխատուժ արտահանեինք: Շատ դեպքերում Հայաստանից մեկնող մարդիկ այստեղ ունեն աշխատանք, եւ գնում են ավելի լավ աշխատանք գտնելու, ավելի պրոֆեսիոնալ միջավայրում հայտնվելու համար: ԱՄՆ ներգաղթի նոր քաղաքականությունը միայն կնպաստի և կարագացնի այդ գործընթացը:

Հայաստանում կա նաեւ մեկ այլ խնդիր՝ չեն զարգացվում կոնկրետ այն ուղղությունները, որոնց համապատասխան ներուժ եւ մասնագետներ կան: Օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան պետական եւ մասնավոր բուհեր են  ավարտում  շուրջ 1500 մասնագետներ, սակայն նրանց ներուժն այդպես էլ չի օգտագործվում:

Որպես կանոն, Հայաստանից հեռացած մասնագետները չունեն վերադառնալու մտադրություն, համենայն դեպս, մինչև հանրապետության տնտեսական և քաղաքական իրավիճակը համեմատաբար կայունանա: Իսկ մինչ այդ, «ուղեղների արտահոսքը» դառնում է տնտեսական անվտանգության առումով լրջագույն սպառնալիք: Ազգային անվտանգության առումով` նույնպես: Որակյալ մասնագետներին կարիք չկա մեղադրելու: Նրանք չեն պատրաստվում վերադառնալ հայրենիք և նորից գործազուրկ դառնալ: Նրանցից շատերի համար հայրենիք վերադառնալը հեռավոր և անիրական հեռանկար է: Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր մասնագիացվածությամբ արտագաղթողների թվում առաջին հորիզոնականում է Էստոնիան` 11.5 տոկոս, երկրորդում Հայաստանն է` 9 տոկոս, ապա հետեւում են Լատվիան եւ Լիտվան: Դա նշանակում է, որ Հայաստանից ուղեղների արտահոսք է տեղի ունենում: Դա հանգեցնում է մեր հասարակության ոչ միայն քանակական, այլեւ որակական կազմի փոփոխության: Արտագաղթում են նաեւ այն մարդիկ, ովքեր կայացել են բիզնեսում:

Հետևաբար, օրակարգային կարևոր խնդիր է տնտեսական անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր այս գործընթացը կարգավորելուն և վերահսկելուն ուղղված համալիր հայեցակարգի, դրան համարժեք տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

 

Ստելլա Խաչատրյան