Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակից ապահովագրված չէ և ոչ մի պետություն և քաղաք: Տարբեր քաղաքների ղեկավարներ, սակայն, տարբեր կերպ են մոտեցել թե՛ հարցի լրջությանը, թե՛ այն միջոցներին, որոնք պետք է իրականացվեին այս ընթացքում՝ քաղաքացիների կյանքը առավել հեշտացնելու, նրանց սոցիալական բեռը թեթևացնելու համար: Համեմատենք, թե այս ընթացքում ինչով են զբաղված եղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Մոսկվայի քաղաքապետարանը բիզնեսի աջակցությանը ուղղել է շուրջ 85 միլիարդ ռուբլի: Այդ օժանդակությունից օգտվել են շուրջ 750 հազար քաղաքացի, 34,8 հազար կազմակերպություն: Քաղաքապետարանի սոց.աշխատակիցների կողմից ավելի քան 4 միլիոն մարդու ծառայություն է մատուցվել, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամներին: Մոսկվայի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին՝ պայմանով, որ որպես օժանդակություն տրված գումարները պետք է ծախսվեն հենց Մոսկվայի տարածքում: Բացի այդ, Սերգեյ Սոբյանինի հրահանգով ավելացվել է պլանային բուժօգնության ծավալները: 

 

Թբիլիսիի քաղաքապետարանը սրճարաններին եւ բարերին վարձակալման վճարներից ազատելու որոշում է կայացրել։ 18 000 ընկերություններ, որոնք աշխատում են զբոսաշրջության ոլորտում, եկամտահարկի եւ գույքահարկի վճարումները հետաձգելու թույլտվություն են ստացել։ Նրանց նաեւ կվերադարձնեն ԱԱՀ ավելցուկները։ Իշխանությունները խոստանում են օգնել 2000 ոչ մեծ հյուրանոցներին վճարել վարկերի տոկոսադրույքները։ Թբիլիսիի քաղաքային իշխանությունները շատ ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքի սանմաքրման, լվացման, ստերիլիզացման աշխատանքներում: 


Ինչո՞վ է այդ ընթացքում զբաղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Երևանցիները երկար ժամանակ փորձում էին բառի բուն իմաստով գտնել քաղաքապետին, քանի որ վերջինս պարզապես կորել էր, այն էլ համավարակի ամենաթեժ փուլում: Սակայն, Մարությանը գտնվեց, սուրբ գործ կատարելու համար, իհարկե, պարզվեց, որ 1,8 մլն ՀՀ դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և իր խորհրդական Կարեն Համբարձումյանին: Պարգևավճարի կարգադրությունը քաղաքապետը ստորգագրել է ապրիլի 20-ին: Այս ընթացքում Մարությանը հասցրել է սկանդալի կենտրոնում հայտնվել կապված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում եռացող կրքերի հետ: Ուղիղ 5 օր առաջ էլ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց նոր ծառայողական մեքենա գնելուն։ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետևյալ կերպ. «Թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, և հարմար ավտոմեքենա չեն գտել մինչև այժմ, որ տան պաշտոնյային»: 


Իհարկե, այնպես չէ, որ Մարությանը ընդհանրապես չի կատարում իր բուն պարտականությունները: Օրինակ՝ նա քաղաքի կենտրոնում թույլ է տվել կառուցել մի շինություն, որն աղավաղում է շենքի արտաքին տեսքը: Քաղաքապետարանը անգամ չկարողացավ պայմանավորվել գծատերերի հետ՝ նվազեցնելու համար այսպես կոչված ՝ գծի փողը, օրվա պլանը վարորդների համար: Եվ իսկապես, ինչու փչացնել հարաբերությունները գծատերերի հետ, այն գծատերերի, որոնք, ըստ Հայկ Մարությանի նախընտրական խոստման, արդեն իսկ պետք է վերացած լինեին երևանցիների առօրյա կյանքից: