Իշխանական մեդիան վերջին օրերին ակտիվորեն լծվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ արշավին: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը տեղադրել է Մարությանի հայտարարագրի մասին նյութ, որտեղ նշվում է, որ վերջինս հայտարարագրել է 2 ավտոկայանատեղի Երևանում և 5-ը՝ Չեխիայում, 2 բնակարարան Երևանի Կենտրոն թաղամասում, ինչպես նաև 10 բնակարան և 1 անհատական բնակելի տուն Չեխիայում: Որպես անշարժ գույք' քաղաքապետը հայտարարագրել է նաև 2 հողամաս Չեխիայում: Որպես դրամական միջոցներ' Հայկ Մարությանը հայտարարագրել է 18 միլիոն 165 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 7 միլիոն 746 հազար դրամ, 5 հազար 867 դոլար, որը տարեվերջում դարձել է 5 հազար 819 դոլար, 312 եվրո, որը դարձել է 302 եվրո, ինչպես նաև 1 միլիոն 501 հազար չեխական կրոնա, որը տարեվերջում դարձել է 1 միլիոն 763 հազար:
Եթե վերցնենք դոլարային համարժեքով, ապա խոսքը 80 հազար դոլլարի մասին է, և թերևս հենց այս թիվն է այդչափ հուզել իշխանությանը: Մինչդեռ հասկանալի է, որ տվյալ թիվն ամեն ամիս բաժանվող աստղաբաշխական պարգևավճարների համեմատ ոչինչ է: 2020 թվականին 35 միլիոն դոլարի պարգևավճար բաժանածները ազդվել են 80 հազար դոլարից: Ոստիկանությունում 2020թ-ին ստացել են 9․4 մլրդ դրամ պարգևավճար, իսկ ԱԱԾ-ում՝ 3 մլրդ․ դրամ։ Պետական եկամուտների կոմիտեում ևս «սոված» չեն մնացել․ ստացել են 6․5 մլրդ դրամ: Հաջորդիվ, ըստ պարգևավճարի չափի, գալիս են հետևյալ կառույցները․ ՀՀ Դատական դեպարտամենտ – 2․14 մլրդ․ դրամ.ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն- 2․11 մլրդ․ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմ – 1․6 մլրդ․ դրամ: Քաղավիացիայի կոմիտեն, որի գործունեությունը ծայրից ծայր խայտառակություններից ու ձախողումներից է բաղկացած (առևանգված ինքնաթիռ, ազգային փոխադրողների լիցենզիայից զրկում, և այլն), ստացել է 60 մլն․ դրամի պարգևավճար։ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ը ստացել է 80․5 մլն պարգևավճար։
Ըստ էության, այս մեդիա արշավը Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Մարությանի վերջին երկու գրառումներին: Փաշինյանը հասկացնում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ավելի խորը փորել և ավելի հետաքրքիր թվեր ջրի երես հանել: Իշխանություններին այսօր ավելի քան կարևոր է պահպանել դիրքերը Երևանում և թերևս դա է պատճառը, որ, կարծես թե, կրկին ակտիվանում է Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման, Մարությանին ցանկանում են փոխարինել ավելի լոյալ անձով: