Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի երկրում հիմնական փոփոխություններևը չեն կատարվել՝ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հեռացվել քաղաքականությունից, Փաշինյանն ասաց. «Իսկ ի՞նչ է արվել:
Կարծում եմ, որ Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: