Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին իր իսկ կողմից հնչեցրած բազմաթիվ, սակայն լուրջ մեղադրանքներ վարչապետ դառնալուց հետո մոռացվեցին: Ներկայացնում ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի` այն ժամանակվա իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների թոփ 10-ը: 

1).Նախագահ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: 2018-ից հետո մոռացվեցին ինչպես խաղատներում պարտված միլիոնները, այնպես էլ պետականությունը մսխելու հանգամանքը:

 

 
2.) 2012 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց յուրացման մեջ: Ըստ պատգամավորի` Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի էր Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշերը: 


3) Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: 


4.) ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Փաշինյանը բազմիցս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ` խոստանալով ապացուցել իր կողմից հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք: 


5) Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Հեղափոխությունից հետո այս մեղադրանքը հերքվեց: 


6.)Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ: «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարո՛ն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ի՛նչ անեք, ո՛ւմ բռնեք, ո՛ւմ ազատեք»,- նշեց Փաշինյանը: Արթուր Դավթյանին Փաշինյանը մեղադրել էր նաև Հաց Բերողի մահվան մեջ: Այսօր գլխավոր դատախազը իրականացնում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: 


7.) Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին Փաշինյանը մեղադրել էր գրագողության մեջ. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»: Այդ մեղադրանքը մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել: 


8) ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրել էր մարդ առևանգելու և ահաբեկելու մեջ: Բացի այս մեղադրանքից, Փաշինյանի պատգամավորության գրեթե ողջ ընթացքում Սամվել Ալեքսանյանը մեղադրվում էր երկրում տնտեսական մենաշնորհ հաստատելու մեջ: Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո` իրականում ոչինչ: 

9) Փաշինյանը բազմիցս է մեղադրել նաև Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին թվեր նկարելու մեջ: Վերջինս, ըստ Փաշինյանի, ապահովում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գրանցված տնտեսական աճը, սակայն միայն թվերի վրա: Այսօր Մնացականյանը շարունակում է պաշտոնավարել, ստացվում է` նրա նկարչական տաղանդը պետք է եկել նաև նոր իշխանություններին: 

10). Հանրապետականի «Եկեք հիշենք պատմությունը» կոչի շրջանակներում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրողներին առաջարկում էր նայել 1995թ.-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի լուսանկարները. «Էդ լուսանկարներում խեղճը էնենց ա, ոնց որ մի տարի հաց կերած չլինի, ոնց որ կոնցլագերի գերի լինի: Հիմա էս մարդու բանկային հաշիվների վրա 1 մլն դոլար քեշ փող կա»: Բացի այն, որ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ, նա նաև բազմիցս հայտարարել էր, որ Սարգսյանը օֆշորներում է թաքցնում բյուջեից գողացված գումարները: Ինչպես գիտենք, հեղափոխությունից հետո այս մեղադրանքների հետքերով նույնպես պատկան մարմինները որևէ քննչական գործություն չեն ձեռնարկել