Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին իր իսկ կողմից հնչեցրած բազմաթիվ, սակայն լուրջ մեղադրանքներ վարչապետ դառնալուց հետո մոռացվեցին: Ներկայացնում ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի' այն ժամանակվա իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների թոփ տասնյակը:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: 2018-ից հետո մոռացվեցին ինչպես խաղատներում պարտված միլիոնները, այնպես էլ պետականությունը մսխելու հանգամանքը:
2012 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց յուրացման մեջ: Ըստ պատգամավորի' Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի էր Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշները:
Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Փաշինյանը բազմիցս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ' խոստանալով ապացուցել իր կողմից հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ: «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարո՛ն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ի՛նչ անեք, ո՛ւմ բռնեք, ո՛ւմ ազատեք»,- նշեց Փաշինյանը: Արթուր Դավթյանին Փաշինյանը մեղադրել էր նաև Հաց Բերողի մահվան մեջ: Այսօր գլխավոր դատախազը իրականացնում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը:
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին Փաշինյանը մեղադրել էր գրագողության մեջ. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»: Այդ մեղադրանքը մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել:
ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրել էր մարդ առևանգելու և ահաբեկելու մեջ: Բացի այս մեղադրանքից, Փաշինյանի պատգամավորության գրեթե ողջ ընթացքում Սամվել Ալեքսանյանը մեղադրվում էր երկրում տնտեսական մենաշնորհ հաստատելու մեջ: Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո' իրականում ոչինչ:
Սյունիքի արդեն նախկին մարզպետ Հունան Պողոսյանը փոխոստիկանապետ եղած ժամանակ իր պաշտոնավարման ընթացքում մամուլի և հենց Փաշինյանի կողմից մեղադրվել է բռնություն գործադրելու և ապօրինի հարստացման մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, 2013 թվականի նոյեմբերին դիմել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի վերջինս քննի Շանթ Հարությունյանի դեմ կատարված բռնության ահազանգերը։
Դիմումի մեջ Փաշինյանը հայտարարել էր, որ, ըստ Շանթ Հարությունյանի, նոյեմբերի 5-ի երեկոյան իր դեմ բռնություններ են կիրառել անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Ավելին, Պողոսյանը, ըստ Շանթ Հարությունյանի, «սպառնալիքներ է հնչեցրել նաև իր որդու (Շահեն Հարությունյանի — խմբ․) հասցեին և սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել։ Այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը»։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր նաև նախկին ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին: Դեռ 2012 թվականին անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելուն, իր էջում գրել էր.«Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ՝ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:
2016 թվականին Փաշինյանը հայտարարեց՝ «Առանձնահատուկ ուշադրության կարիք ունի ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազտամարտիկ Վահան Բադասյանը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Մասնավորապես ալյուրի, հացի, հացահատակի մատակարարումների մասին է, որ ըստ պարոն Բադասյանի, պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել և ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձմնի այս խնդրին և նաև հանդես հգա հատուկ պարզաբանմամբ: Ճիշտ է ՊՆ խոսնակը այս կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց պարոն Բադասյանը պնդում է իր հայտարարությունները»: Ինքը Փաշինյանը այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին և նույն Մովսես Հակոբյանին նշանակեց ռազմական տեսուչ:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանին անձամբ մեղադրել էր ատկատներին մասնակից լինելու մեջ՝ նշելով, որ ըստ մամուլի հրապարակումների, փոխվարչապետը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է: Ողջ պետական համակարգն, ըստ Փաշինյանի, գնումներ է կատարում «Տոյոտա Արմենիա» ընկերությունից: «Ստացվում է, որ դա ատկատի ձևերից մեկն է, եթե դուք չլինեիք սեփականատերը, պետք է ատկատ տային կառավարությանը: Բայց ձեր միջոցով դա օրինականացվում է, դա նույն ատկատն է»,- նշե;լ էր Նիկոլ Փաշինյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին էլ պատգամավոր Փաշինյանը մեղադրում էր Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կեղծելու մեջ, սակայն Բալասանյանը մինչ օրս էլ Գյումրու քաղաքապետն է:
Հետաքրքիր է, ինչպես է ստացվում, որ վերը նշված ցանկը վրիպել է արդեն վարչապետ Փաշինյանի ուշադրությունից: Այն պաշտոնյաները , ում նախկինում Փաշինյանը մեղադրում էր այս կամ այն հանցանքը կատարելու մեջ որպես կանոն կամ չեն դարձել քրեական գործերի ֆիգուրանտներ, կամ պահպանել են իրենց պաշտոնները արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Սա խոսում է երկու հանգամանքի մասին, կամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստում էր և առանց որևէ հիմնավոր ապացույցի մեղադրում էր գործող պաշտոնյաներին՝ քաղաքական դիվիդենտներ շահելու և իր ընդդիմադիր ամպլուան ամրապնդելու համար, կամ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել և Փաշինյանը ինչ-ինչ համաձայնությունների գալով նախկինում իր կողմից թիրախավորված պաշտոնյաների հետ՝ մոռացել է իր մեղադրանքները: Երկու դեպքն էլ ակնհայտորեն չի խոսում Նիկոլ Փաշինյանի օգտին…