Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Ինքը' Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք ՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»:

2013թ. պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ բյուջետային ուղերձում հայ-թուրքական հարաբերությունների մասին նշումը բացակայում է, եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում ու ընդունում, որ իրականացան այն գնահատականները, թե հայ-թուրքական արձանագրությունները վիժեցնելու են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Որպես ապացույց' Փաշինյանը հիշատակել էր այն փաստը, որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դառնում:

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին 2017 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր՝ հարաբերությունների կարգավորման այսօրվա կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև հարցը դիտարկում են փաթեթի մեջ. «Համաձայնեք՝ երկու անկախ երկրների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի գործողություններին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ մենք պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ. «Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի: Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասել էր նա:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փորձվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը ՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- 2018 թվականի դեկտեմբերին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր Փաշինյանը։

Պաշտպանության նախարարության 2020 թ. բյուջեի թեմայով խորհրդակցության ժամանակ Փաշինյանը մեկ անգամ ևս վերահաստատել է այս դիրքորոշումը:

Պատերազմից հետո Փաշինյանի թիմակիցներից Անդրանիկ Քոչարյանը առնվազն երկու անգամ խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Որոշ տեղեկությունների համաձայն' Փաշինյանը ԱԳ ղեկավարին նույնիսկ արգելել է սուր քննադատության ենթարկել Թուրքիային:

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը, ով այդպես բուռն կերպով քննադատում էր Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, այսօր փորձում է Հռոմի պապից էլ կաթոլիկ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանից էլ թրքասեր երևալ…