Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ներկայացել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որը քննում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները: Թեև նախորդ անգամ էլ Փաշինյանը որոշ ակնարկներ էր արել առ այն, որ պատերազմում պարտության և կապիտուլյացիայի ակտ ստորագրելու պատճառը ՀՀ ԶՈՒ կողմից իրեն սխալ կամ թերի զեկուցելն ու սխալ հաշվարկներն էին, այս անգամ վարչապետը էլ ավելի հեռուն գնաց՝ փաստացի բանակի հասցեին հնչեցնելով վարկաբեկող և անհիմն, որևէ կերպ չհիմնավորված հայտարարություններ՝ այսպիսով մեղավոր ու պատասխանատու կարգելով հենց զինվորներին, բարձրաստիճան սպաներին:

Ժողովրդավարական երկրներում նման մերկապարանոց հայտարարությունները մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոն են արժեցել: Ընդ որում, այդ հայտարարություններն անչափ մեղմ էին ու կարելի է ասել նույնիսկ անմեղ՝ ի տարբերություն այն հայտարարությունների, որոնք հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը

Դիցուք՝ Գերմանիայի նախագահ Հորսթ Քելլերը հրաժարականի դիմում էր ներկայացրել միայն այն պատճառով, որ հայտարարել էր գերմանական ԶՈՒ-ն այլ երկրներում կիրառելու և այդպիսով Գերմանիայի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտության մասին:

Նիդեռլանդների ՊՆ նախարար Ժանին Պլասհարտը հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ նրան մեղադրել էին անփութության մեջ, որի հետևանքով Մալիում խաղապահների զորավարժությունների ընթացքում հոլանդացի զինվորներն էին զոհվել:

Գերմանիայի ՊՆ նախարար Քրիստին Լամբրեխտը հրաժարականի դիմում էր ներկայացրել ոչ միայն իր հասցեին հնչող քննադատությունների, այլ նաև սեփական երկրի ԶՈւ–ի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների ֆոնին: Վերջինս բացթողումները, որոնք քաղաքական հակառակորդները վերագրում էին իրեն, վերագրում էր գերմանական զինված ուժերի և հրամկազմի ոչ բավարար և նվիրված մոտեցմանը:

Ղազախստանի ՊՆ նախարար Նուրլան Երմեկբաևը հրաժարականի դիմում էր ներկայացրել ռազմական պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո, որի արդյունքում զոհվել էր 15 զինվոր: Երմեկբաևը, սակայն, սկսել էր մեղավորներ փնտրել բարձրաստիճան սպայական կազմի շրջանում, իսկ չկարողանալով ապացուցել վերջիններիս մեղավորությունը՝ ինքն էր ստիպված հեռացել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես տեսնում ենք՝ միջազգային ասպարեզում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ պաշտոնյաները նախընտրել են սկզբունքային մոտեցում ցուցաբերել և հրաժարական տալ՝ չնայած նրանց կողմից արված հայտարարությունները, ի համեմատություն Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, ընդամենը ծաղիկներ են...