Ազգային ժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
Նախագծի իրավաչափությւան և դրա հնարավոր իրավական հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
- Ես առհասարակ համարում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չի կարող փոխվել: Բանն այն է, որ այդ հոդվածը անցումային դրույթների մեջ է, իսկ դա, իր էությամբ, արդեն իսկ ցույց է տալիս, որ անցել է տվյալ փուլը ժամանակահատվածը և այն խնդիրը, որի լուծմանն այն միտված էր: Փաստացի այդ հոդվածը սպառված հոդված է: Չի կարելի փոխել մի բան, ինչը սպառված է: Սակայն Վենետիկի հանձնաժողովը այդուհանդերձ տվել է հնարավորություն իշխանություններին փոփոխություն կատարել այդ հոդվածում: Խնդիրը հենց այնտեղ է, որ նրանք այդ փոփոխությունները կատարում են ոչ այնպես, ինչպես իրենց համար քաղաքական որոշակի զիջումների գնալով՝ Վենետիկի հանձնաժողովը թույլ է տվել: Ըստ իրենց նախնական մտադրության և նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման՝ 213-րդ հոդվածում պետք է դադարեցվեն այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի պաշտոնավարել են: Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում, որպեսզի փոխվեն այդ դատավորների պաշտոնավարման ժամկետները և նրանց լիազորությունների դադարեցումը լինի աստիճանաբար՝ անցումային շրջան նախատեսելով: Նույնը վերաբերում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը: Այս նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։
-Այնուամենայիվ նախագծի ընդունումը ինչ որակում կունենա միջազգային հանրության կողմից և իրավական առումով ինչ հետևանքների կհանգեցնի:
-Իրավական հետևանքների և արձագանքի մասով կարող եմ ասել, որ նախ Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ շատ կոշտ կերպով արձանագրել է, որ այդ նախագիծը հակասում է իր իրավական դիրքորոշումներին: Սա բնականաբար իր տարածումը կստանա և՛ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների, և՛ բազմաթիվ այլ միջազգային կառույցների գնահատականներում: Սա նշանակում է՝ առաջին հերթին Հայաստանի միջազգային հեղինակության անկում, սա նշանակում է Հայաստանի կողմից հերթական անգամ իրավական վակխանալիայի դրսեւորում, և սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք նրանց աչքերում դիտարկվելու ենք որպես երրորդական երկիր: Սա նաև ենթադրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործեր և պետության կողմից քաղաքացիների հաշվին այդ դատավորիներին տրված հատուցում:
-Ինչ կլինի այն պատգամավորների հետ, որոնք կողմ կվեաքրկեն այս նախագծին:
-Ամբողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորները, որոնք քվեարկելու են, ըստ էության, չդիմելով ՍԴ, որի պարտադիրությունը արձանագրված է Սահմանադրության մեջ և Վենետիկի հանձնաժողովի կարծիքում, դառնում են Դասագրքային իմաստով իշխանության յուրացման մասնակից: Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամեն ինչը արվում է Արտակարգ դրության պայմաններում, դա ծանրացուցիչ հանգամանք է, և պատասխանատվությունը 10 տարուց պակաս չի լինելու: Հանցագործության վաղեմության ժամկետը ևս 15 տարի է, իսկ դա ասում եմ նրա համար, որ հասկանան, որ իրենք15 տարի իշխանության չեն լիելու: Պատասխանատվության ենթարվելը երաշխավորված է:
-Որը պետք է լինի նախագահի անելիքը, պատասխանատվության ինչ բեռ է ընկնելու նախագահի ուսերին:
-Եթե ապրեինք նորմալ երկրում և ունենայինք նորմալ նախագահ, ապա նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս ամբողջ գործընթացի իրավականությունը, բայց չեմ կարծում, որ նախագահը այդպիսի բան կանի:
-Արդյոք հետագայում ընտրվելիք դատավորների գործունեությունը այս պայմաններում լեգիտիմ կհամարվի:
-Բնականաբար ոչ լեգիտիմ ճանապարհով դատավորների հեռացումը և նրանց փոխարեն այլ դատավորների ընտրությունը, ինքնին, ոչ լեգիտիմ է դարձնում ընտրվող դատավորներին, նրանք պետք է իմանան, որ լինի մեկ տարի հետո, թե երկու, միևնույն է, արձանագրվելու է իրավունքների խախտում, դատավորները վերականգնվելու են, կամ հսկայական գումարներ են վճարվելու: Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ:
-Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ: Ինչ ազդեցություն կունենա նման նախագծի ընդունումը ՀՀ միջազգային հեղինակության վրա:
-Նախադեպ, իրապես, տեղի չի ունեցել: Այսպիսի բան առհասարակ դժվար է պատկերացնել և շատ կոշտ միջազգային արձագանքներ՝ նմանատիպ արարքների հետ կապված եղել են Լեհաստանի և Հունգարիայի դեպքում: Ասեմ ավելին՝ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի մեջ հղում ունի Բական ընդդեմ Հունգարիայի ՄԻԵԴ-ի նախադեպային որոշմանը, որտեղ նմանատիպ մի իրավիճակ էր արձանագրվել:
Անի Հակոբյան