ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:
Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին:
ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը:
Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին: