ԼՈՒՐԵՐ.com-ը ստացել էր տեղեկություն այն մասին, որ Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են շուկայի տնօրինությունից և պահանջում 50 % նվազեցնել հարկերը, ակցիան բավականին մարդաշատ է եղել, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը շատ արագ հասցրել է այն ցրել: Բանն այն է, որ կորոնավիրուսային ճգնաժամից հետո աշխուժություն շուկայում այդպես էլ չմտավ, մարդիկ գործ չեն անում, առևտուր չկա, բայց հարկերը մնացել են անփոփոխ:

Մալաթիա տոնավաճառի տնօրենը՝ Սամվել Ավետիսյանը, մեզ հետ զրույցում ընդունեց, որ մեծամասշտաբ բողոքի ակցիա տեղի չի ունեցել։ «Մի քանի հոգի էին բողոքում, բայց, երբ ես իրենց հետ խոսեցի, ինձ հասկացան, հիմա կանգնած իրենց տեղերում աշխատում են»,- ասաց տնօրենը: Մեր այն հարցին՝ ինքը փոխզիջումների գնացե՞լ է, Մալաթիա տոնավաճառի տնօրենը պարզաբանեց. «Առանց այն էլ ես քիչ գումար եմ վերցնում 2000-2500 դրամ (փոքր խանութներ ունեցողներից), և բացի դա ես կոմունալ վճարումներն եմ իրականացնում, ամեն օր գնում եմ ալկոգել, վճարում եմ 50 աշխատակցի և դեռ պետությանը»։

Ավետիսյանը նաև նշեց, որ ցանկության դեպքում էլ չի կարող գերշահույթ ունենալ. «Անգամ 2 ամիս, երբ, կորոնավիրուսով պայմանավորված, շուկան փակ էր, ես էի հսկում տարածքը, առանց գումար վերցնելու. Մալաթիան սարքել էին պահեստ»,- ընդգծեց տնօրենը: Ըստ տնօրենի խոսքերի՝ բողոքի ակցիան իրականացրել էին շատ ավելի մեծ տարածք ունեցողները, որոնց հետ էլ փորձել էր համաձայնության գալ. «Ես ասացի, եթե չեք կարողանում 160.000-180.000 դրամ վճարել, ձեզ կարող եմ տալ շատ ավելի փոքր տարածք, որ վճարելուց չդժվարանաք, սակայն նրանք հրաժարվեցին: Հաշվարկները պետք է դեռ երեկ վերջացնեինք, բայց խնդրեցին, որ երկարացնեմ ժամկետը, ես էլ երկու օր տվեցի նրանց: Այսքանից հետո բողոքի ակցիա անելը, առնվազն, անմարդկայնություն է»,- եզարափակեց տնօրեն Սամվել Ալեքսանյանը: