Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի լուրեր ստանում, քանի որ բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, որ համաճարակի իրավիճակը հսկողության տակ է,  լուրեր կան, որ կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի ռազմավարությունը նույնն է՝ իրավիճակը կարելի է հաղթահարել քաղաքացիների վարքագծի փոփոխության ու երկխոսության արդյունքում, հակառակ դեպքում վարչական տույժերը արդյունք չեն տա:

Փաշինյանը նշեց, որ շաբաթ օրը եղել է Ավանում, դիմակներ է բաժանել. «Ես տեսնում եմ, որ քաղաքացիներն ամեն դեպքում չեն հավատում, որ իրենց անհատական վարքագիծը կարող է ազդել իրավիճակի վրա:

Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, ում հետ շփվել եմ, չունեն մտերիմներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:

Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր անձնապես չեն առնչվում խնդրի հետ, իրենց ծանոթները, մտերիմները չեն առնչվել, ինչն էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվելակերպն այն չէ, որ սպասենք անձնապես խնդրի հետ առնչվելուն, այլ այն է, որ ի գիտություն ընդունենք այն, ինչ կա»:

Նա նաև չբացառեց սահմանափակումների ռեժիմին վերադառնալը` նշելով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը:

«Այն պահին, երբ մենք տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել իրավիճակը հաղթահարելու համար՝ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը:

Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունն ու անհատական վարքագծի փոփոխությամբ կլուծենք խնդիրը»,-ասաց վարչապետը: