«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակից բողոքում է, որ օգոստոս ամսից կմնա գործազուրկ, քանի որ կազմակերպությունը լուծարվում է։ Աշխատակիցներին խոստացել են տեղավորել «Երևան ինկասացիա»-ում, ուստի վերջիններս դիմում են գրել, որ դուրս են գալիս «Հայինկասացիայից», սակայն պարզվել է, որ երեկ «Երևան ինկասացիան» փակել են։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հայինկասացիա» ՓԲԸ որոշ աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց՝ մարդկանց խաբել են։
«Աշխատակիցներից վերցրել են «Հայինկասացիա»-ից աշխատանքից ազատվելու դիմումներ, ապա՝ վերցրել են դիմում, որով աշխատանքի են անցնում «Երևան ինկասացիա» ընկերությունում։ Սակայն, երբ բոլորը ստորագրել են աշխատանքից ազատվելու դիմումները, պարզվել է՝ «Երևան ինկասացիա»-ն չի իրականացնելու ինկասացիոն ծառայություններ և «Երևան ինկասացիա» չկա։ «Երևան ինկասացիա»-ն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Աշխատակիցներին ասել են նաև, որ 10-15 հոգու կընդունեն Սուքիասյանին պատկանող «Արարատ ինկասացիա»-ում, բայց դա էլ խնդրի լուծում չէ»,- նշեց Կոչուբաևը։
Ըստ փաստաբանի՝ դրա պատճառն այն է, որ աշխատակիցների շրջանում բունտ չլինի։ Փաստաբանը նշեց նաև, որ փաստերն ուսումնասիրելուց հետո հանդես կգա ծավալուն հայտարարությամբ։