ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը չի կարծում, թե հացադուլը կարող էր Սերժ Սարգսյանի հետ երկխոսության խոչընդոտ լինել: Հացադուլի դադարեցումն, ամեն դեպքում, ըստ Համլետ Հարությունյանի, մեծացնում է հանդիպման հնարավորությունըԼ
«Քանի որ հացադուլից դուրս եկավ, կարող է և հանդիպի, բայց հացադուլը կարծեմ չէր խանգարի այդ հանդիպումներին: Սերժ Սարգսյանը նրան չէր կանչում, որ հյուրասիրեր, այլ կանչում էր, որ քաղաքական բանակցություններ լինեին, իսկ եթե ինքը տարբեր պատճառներով խուսափում է…Շատ հնարավոր է, որ տետ-ա-տետ հանդիպումները ձեռք չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին»,-168.am-ի հետ զրույցուն ասաց Համլետ Հարությունյանը: Ծնունդով արցախցի պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանի համեմատությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պարծենալու ոչինչ չունի. Սերժ Սարգսյանի հետևում հաղթանակած պատերազմն է, բանակաշինությունը: Նրա խոսքերով, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն կրթություն ունի, շատ լավ ընտանիքում է դաստիարակվել, բայց մեր տիպի երկրներում առաջնորդների գնահատականը մարդիկ ենթագիտակցորեն տալիս են՝ ըստ նրա կենսագրության, իսկ այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը մտքով էլ չի կարող անցկացնել համեմատվել Սերժ Սարգսյանի հետ: «Իմ սերունդը մարդկանց գնահատում է' հաշվի է առնելով, թե մարդն ինչ մասնակցությունն է ունեցել արցախյան գոյամարտում, որովհետև մեր ժողովրդի վերջին դարերի կարևորագույն գործընթացը եղել է արցախյան գոյամարտը: Այդ գոյամարտի հերոսները բավականին մեծ առավելություն ունեն նրանց նկատմամբ, ովքեր դրա հետ որևէ կապ չունեն: Ցանկացած պետական պաշտոնյայի կարևորագույն հատկությունը հայրենասիրությունն է: Հայրենասեր մարդը չի կարող կաշառակեր լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել»,-համոզված է Համլետ Հարությունյանը: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե երբ մարդը թողնում է բարեկեցիկ երկիրը՝ նախընտրելով իր հայրենիքը, դա հայրենասիրություն չէ՞, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դուք թյուրիմացության մեջ եք, ամեն երկրում էլ կան բարեկեցիկ մարդիկ: Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայդեպս, որ երկիր էլ գնա, բարեկեցիկ է ապրելու: Այսօր էլ նա շատ բարեկեցիկ է ապրում: Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ՝ ինչպես կարելի է չաշխատել և լավ ապրել: Ի՞նչ մի մեծ բան է, որ մարդը վերադառնում է հայրենիք»: