ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ժամանակ պատասխանելով երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին, մասնավորապես, հայտարարել է, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը։

Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ վերջինիս դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։

Aravot.am կայքն էլ հայտնում է, որ Սերժ Սարգսյանը պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել են միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:

Երկու աղբյուրներն էլ խոստանում են այլ մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր նախաձեռնած հանդիպումը լրագրողների հետ շարունակական բնույթ է կրելու։ Այս անգամ հանդիպմանը ներկա են հիմնականում հեռուստաընկերություններ։ Ապագայում նախատեսվում են նաև հանդիպումներ առցանց և տպագիր լրատվամիջոցների ներկայությամբ։
21.40
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները ներկայացնելիս նախօրոք նշել է, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը և թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված: Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

20.15
Գործող նախագահի ներկայացմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա, հայտնում է Aravot.am-ը: Նաև ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը վստա՞հ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունները նշանակում է՝ նոր թեկնածուների առաջադրում: Դրանից հետո, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ ընտրություններին պետք է մասնակցեն միայն ինքը և գործող նախագահը: Դրա համար վերջինս նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել: Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45 տոկոսը: Այդ դեպքում ինքը կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պետք է կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան:

Սերժ Սարգսյանը լրագրողներին պատմել է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է նոր խորհդարանական ընտրություններ, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ Սահմանադրությունը դրա համար նախատեսում է հատուկ պայմաններ, որոնք այս իրավիճակում բացակայում են: Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող դիմել ապօրինությունների, նաեւ չի էլ կարող ստիպել բոլոր պատգամավորներին՝ վայր դնել իրենց մանդատները, ինչին, ըստ գործող նախագահի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ մի պատգամավոր չի կարողանա դեմ գնալ գործող նախագահի կամքին: Այդ երեք մերժումները ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պետք է այնուամենայնիվ ինչ-որ համապետական միջոցառում, որը կհարթեցնի խնդիրը:

Այդպիսի միջոցառումը, Սերժ Սարգսյանի կարծիքով, կարող է լինել նոր Սահմանադրության հանրաքվեն, որի նախագիծը կկազմի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Գործող նախագահը հայտնել է լրագողներին, որ դրա վերաբերյալ ինքը գրավոր առաջարկ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, և որպես պատասխան ստացել է իր ուղարկած թուղթը՝ վրան խաչ քաշած:

22.35
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, և հավատացած լինելով, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում, այժմ կանգնել են նրա մեջքին' հանրահավաքային պայքարի տեսքով, Սերժ Սարգսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում. Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակումներ են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ' 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը' մեկ տոկոս, 3 հազարը' 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև հրապարակում էլ ասում են' ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:
Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք' 2008 թվականին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում' լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու' մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ' Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում' հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով' մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին' հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք' ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է' եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ' կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա... Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»: