Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը և թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: