Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շնորհավորեցին Սերժ Սարգսյանին այդ ամոթալի եւ կեղծված ընտրություններից հետո, ես այլեւս չեմ ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունները, ինչ ուզում են, թող անեն, բայց նրանք այլեւս չպետք է որեւէ կապ ունենան ոչ հայաստանի, ոչ Ղարաբաղի հետ: Այս մասին այսօր' մարտի 8-ին, իր կողմնակիցների հանրահավաքում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացավ կիրակի օրը ժամը 17-ին կայանալիք հանրահավաքում հանդե գալ կարեւոր հայտարարությամբ:
Խոսելով իշխող ՀՀԿ-ի մասին, ընդդիմության առաջնորդը վստահություն հայտնեց, որ այն շատ շուտով ամեն տեղ փոքրամասնություն կդառնա: Ընդ որում, ըստ Հովհաննիսյանի, դա օգտակար կլինի ինչպես երկրի, այնպես էլ ՀՀԿ-ի համար: «Մենք ամեն տեղ ենք, դպրոցում, բուհում, գործարանում եւ ֆաբրիկայում»,-ասաց նա, ընդգծելով, որ իր նպատակը Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միավորումն է: «Մենք իրավիճակը կհասցնենք նրան, որ Սերժ Սարգսյանը ինքը կխնդրի, որ մենք թույլ տանք նրան կամավոր հրաժարական տալ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ իր կողմնակիցներին ուղարկում է Սյունիքի մարզ, որտեղ կիրակի կրկին կպահանջեն մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը:
Այնուհետեւ հանրահավաքում ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը' Արմենուհի Հովհաննիսյանը, ով խոսեց արեւի, սիրո եւ հաղթանակի մասին:
Այս պահին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը տոնական համերգ է կազմակերպել: