«Ժառանգություն» կուսակցությունում չեն մեկնաբանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները: Թե «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից, թե մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ մի քանի հարցերի առնչությամբ, մասնավորապես' ճշտել, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ուղարկած գրավոր առաջարկների վրա խաչ է քաշել եւ վերադարձրե՞լ կամ Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման ժամանակ նախագահը նրանից հարցրել է' արդյոք համարում է' հաղթել է ընտրություններում, իսկ ինքը բացասական պատասխան է տվել եւ այլն: Ի պատասխան մեր հարցերի, թե Ռուբեն Հակոբյանը, թե Հովսեփ Խուրշուդյանը հայտնեցին, որ այս հարցերի առնչությամբ պատասխաններ կստանանք անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, վաղը ժամը 12.00-ին կայանալիք մամուլի ասուլիսին:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր այսօր՝ մարտի 18-ին, մի քանի լրատվամիջոցների հետ կայացած ասուլիսում պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ: Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր՝ հետ է ստացել՝ վրան խաչ քաշած: