Երկու օր տևած քննարկումներից և կոնսուլտացիաներից հետո հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններին արձագանքել է ՀԱՊԿ-ն: Արձագանքը թեև սպասված էր, սակայն ամեն դեպքում ուշագրավ է: Հենց միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ տարածած հայտարարության տեքստում կրակը դադարեցնելու կոչը ուղղված է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Չնայած, առավել տրամաբանական կլիներ, եթե մեսիջը հստակ ուղղվեր Բաքվին, նաև հաշվի առնելով, որ Հայաստանն է հանդիսանում ՀԱՊԿ անդամ երկիր: 

 


Ինչո՞ւ էր նման արձագանքը սպասելի: Այն պարզ պատճառով, որ 2018 թվականից այս կառույցի շուրջ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի թավշյա իշխանությունների ստեղծած ինտրիգները և սկանդալները դժվար թե այդքան շուտ ներվեին: Եվ բնական է, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ն չէր կորցնի առիթը՝ պատասխանելու Փաշինյանին: Հայաստանը վերոնշյալ ինտրիգների արդյունքում կորցրել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և միանշանակ է, որ եթե այսօր այդ դիրքում լիներ ՀՀ ներկայացուցիչը, ապա կառույցը ստեղծված իրավիճակին կարձագանքեր առավել օպերատիվ և առավել հոժարակամ ու միանշանակ: 


2016 թվականին ռազմական գործողությունները ծավալվում էին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում, սակայն արձագանքը Ռուսաստանից՝ ի դեմս Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության, չէր ուշացել: Այսօր, երբ ռազմական գործողությունները ծավալվում են անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրի սահմանին, մենք ստանում ենք նման հայտարարություն: Եվ այս հանգամանքը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների որակական փոփոխությունների պրիզմայի ներքո: