Ես, որպես երաժիշտ, պատրաստ չեմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա և վտանգել մարդկանց կյանքը, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց վաստակավոր արտիստ, ջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչների պահանջներին՝ արտակարգ դրությունը վերացնելու և իրենց աշխատատեղերը բացելու վերաբերյալ:
«Պետք է կարողանանք դիմանալ, ես, իհարկե, հասկանում եմ՝ շատ ծանր է, դժվար է առանց աշխատանքի, բայց ինչ կարող ենք անել, աշխարհում ոչ մի երկիր պատրաստ չէր պանդեմիային»,- ասաց Հախնազարյանը:
Խոսելով վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած բնիկ-ոչ բնիկ լինելու թեմային՝ Նարեկ Հախնազարանը նշեց, որ էթիկապես չի ընդունում այդ ֆլեշմոբի գաղափարը, որովհետև բնիկության խնդիր դնելն ի սկզբանե ճիշտ չի եղել: «Գույքահարկի բարձրացման որոշումն այս պահի դրությամբ ճիշտ չեմ գնահատում, քանի որ դա կրկնակի ֆինանսական դժվարություն կարող է հանդիսանալ շատերի համար»,- նշեց նա:
Նարեկ Հախնազարյանն անդրադարձավ նաև ամիսներ առաջ իր տեսաուղերձից հետո իր հասցեին հնչող քննադատություններին: «Ես որևէ քաղաքական հայտարարություն անելու նպատակ չեմ ունեցել, սակայն իմ խոսքը շատերը փորձեցին քաղաքականացնել, անգամ շահարկեցին իմ և Տիգրան Ավինյանի մտերմությունը: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել, որ մենք համադասարանցիներ ենք: Սակայն, դա չի նշանակում, որ կառավարության քայլերը ես անվերապահորեն ընդունում եմ: Այո՛, կան բաներ, որոնց հետ այդքան էլ համաձայն չեմ» -եզրափակելով խոսքը՝ նշեց Նարեկ Հախնազարյանը: