Արմավիրի մարզի Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի գերեզմանատունը տարիներ առաջ այլ տեսք ուներ, այսօր՝ լրիվ այլ տեսք: Իհարկե, տարօրինակ է հնչում, ինչ ասել է այլ տեսք ուներ։ Արմավիր քաղաքի գերեզմանատանը տարիներ առաջ ցանկացած մարդ կարող էր ցանկացած տեղ վերցնել՝ օրենքով սահմանված կարգով, իր հարազատին հուղարկավորելու համար։ Սակայն, այսօր պատկերն այլ է։ Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի թեթև ձեռքով, արդեն մի քանի տարի է՝ քաղաքի գերեզմանատունը բաժանվել է երկու մասի՝ «սովորական» և «VIP»։Գերեզմանոցի սովորական հատվածում հանգչում են «սովորական» մարդիկ, իսկ ահա «VIP» հատվածում հանգրվանելու համար շատ ջանք պետք է գործադրես։
Նշվածը ներկայացնենք կետ առ կետ և փաստերով։
Նախ սկսենք այնտեղից, որ օրեր առաջ, Հոկտեմբերյան քաղաքի մի քանի բնակիչ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ իրենց հարազատին հուղարկավորելը դարձել է իսկական գլխացավանք։ Մասնավորապես՝ գերեզմանոցի հենց մուտքի մոտ առկա ազատ հատվածները քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը թույլ չի տալիս տրամադրել հասարակ քաղաքացիներին։ Դա նախատեսված է միայն պատվավոր քաղաքացիների համար։ Իսկ հասարակ մահկանացուները պետք է գնան սարի գլխին՝ գերեզմանատան ամենաանմշակ ու փնթի հատվածում գերեզմանի տարածք վերցնեն։
Գերեզմանատանը՝ քաղաքապետի ստեղծած «VIP» հատվածում, տարածք վերցնելու համար պետք է «ծանոթ, մոտիկ մեջ գցես», հակառակ դեպքում՝ հույս չունենաս։ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի այս «բեսպրեդելը» արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Արմավիրցիներն աշխատում են խուսափել նրա հետ խնդիրներ ունենալուց: Գերեզմանատան պատասխանատուն էլ, ցանկացած մեկին, որ «VIP» տարածք է ուզում, ուղղորդում է «ծանոթ խառնելու» ու քաղաքապետից «լավ տեղեր» խնդրելու։ Դե, քաղաքապետին էլ՝ «ինչ տաս՝ տաս»։ Բա հո առանց «մաղարիչի» կամ առանց շնորհակալության չե՞ս թողելու։ Ամենաքիչը մի 1000-2000 դոլարանոց «մաղարիչ» պետք է անես քաղաքապետին։ Եվ բոլորը գոհ են ու երջանիկ։
Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն, խայտառակություն, անպատվություն մահացածների հիշատակին։ Ի՞նչ է նշանակում մեռնելուց հետո ընկնել դժողք կամ գերեզմանոցի «VIP» տարածք։ Դա ի՞նչ թյուրիմացություն է, ինչ խեղկատակություն է։ Խլղաթյան Ռուբեն անունով քաղաքապետը իր համար ստեղծել է փոքրիկ գերեզմանային բիզնես։ Նա իրավունք չունի որոշելու՝ գերեզմանատան որ հատվածը, ինչքան գումարի կամ ինչ «կալիբրի ծանոթ խառնելու» դիմաց տալ։ Եվ վերջապես, մեռնելուց հետո ի՞նչ կարևոր է գերեզմանի արտաքին տեսքը, ի՞նչ կապ ունի չորս հատ տախտակը մարմարով է պատված, թե սովորական քարով, կամ ի՞նչ կապ ունի մահացածի կողքը պատվավոր քաղաքացի է թաղված, թե հասարակ գյուղացի, ով ամբողջ կյանքում չարքաշ աշխատանքով է ապրել…
Փոքր-ինչ կոպիտ ձևակերպումներ են ստացվում, սակայն դառը իրականությունը սա է։
Վերադառնալով մեր պատմության «հերոսին»՝ պարոն քաղաքապետին, նշենք, որ նրա «գողական ու անվայել» պահվածքը չի սահմանափակվում միայն «բիզնեսի» շրջանակում։ Երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն խնդրել՝ գումարի, մաղարիչի կամ ծանոթի միջոցով իր հեղինակած «VIP» տարածքները վաճառելու մասին, վերջինս միանգամից վրդովվեց, բորբոքվեց. «Այդ էշությանը չեմ ուզում պատասխանեմ, էտի առնվազն էշություն ա, եղա՞վ»։
Մեր դիտարկմանը, թե քաղաքի բնակիչներն են այդ մասին խոսում, Խլղաթյանն էլ ավելի «ծաղկացրեց» առանց այն էլ «փայլուն» բառապաշարը. «Քաղաքի բնակիչներն էլ են այլանդակ, մեր քաղաքացիներն էլ են այլանդակ։ Եթե մի հատ նման դեպք կա, ուրեմն դրանով անպայման թող դատ ու դատախազությունը զբաղվի, եղա՞վ։ Կարող ա պատահի Դուք նման քայլի գնաք, քան քաղաքապետը։ Ու ինձ «էն ժեխի շների» խոսակցությունները չհասցնեք»։
Կարծում ենք՝ Դատախազությունը, իրավապահ մարմիններն անելիք ունեն այս առումով և պետք է անպայման լսեն քաղաքապետի ասածն ու դատ ու դատաստան անեն։ Իսկ հոդվածում հնչեցված բոլոր մտքերի, բառերի ու տառերի ապացույցները, ցանկության կամ անհրաժեշտության դեպքում, մեծ սիրով կներկայացնենք։ Վերջիվերջո, պե՞տք է Հայաստանում օրենք գործի, ապօրինություն կատարողները պատժվեն, որպեսզի մյուսների համար դաս լինի։
Քրիստինա Աղալարյան
գերեզմանատան «VIP» հատվածը
Գերեզմանատան «սովորական» հատվածը
«VIP» գերեզմաններ