Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մոտ 100 հոգանոց խումբը, որը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել, զգալի թվով կորուստներ է կրել: Այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք փաստացի այս պահին ֆոտոներով ունենք տասը դիակի դուրսհանման ապացույց: Եթե հաշվի առնենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշում: Բնականաբար շատ զոհերի կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից մահանում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են մահանում: Ստացվում է, որ մոտ հարյուր հոգանոց խումբը զգալի թվով կորուստ է կրել, դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Դրանք եղել են հատուկ նշանակության ուժերը: Ադրբեջանական լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է «Յաշմա» բրիգադը: Հովհաննիսյանի խոսքով՝ դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը: Նրա խոսքով՝ դա էլիտար ստորաբաժանում է: Հովհաննիսյանը շատ տրամաբանական համարեց, որ ադրեբեջանական երրորդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի՝ իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալուց հետո պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում՝ նախագահի բարձրագոչ հայտարարություններից հետո:

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: