Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, ենթարկվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին։ Կան տուժածներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, համառ են։ Դրանք շարունակվում են։
Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդն այսօր կորցրել է զգալի թվով զինտեխնիկա։
«Մեր ԶՈՒ այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։
Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են կռվում մեր հաղթանակները»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նաև հավելեց, որ մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք։