Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին՝ գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Հովհաննիսյանը հերքեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրերը.
«Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Կեղծ է նրա վիրավորվելու լուրերը: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ասաց նա։