ոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։
«Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ», - նշել է Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։
«Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: