Երեկ առավոտից Ռուսաստանի «Ֆուդ Սիթի» գյուղմթերքների շուկայի տնօրինությունն արգելել է հայկական համարանիշներով բեռնատարներին մուտք գործել տարածք՝ մեկնաբանելով, թե դա անվտանգության համար է արվում: Հայկական տաղավարներին զգուշացվել է ապրանքների և արկղերի վրայից հեռացնել «Հայկական արտադրանք», «Հայաստան», «Երևան», «Գինիներ Իջևանից» և նմանատիպ այլ պիտակները: Վաճառականները կանգնել են բեռնատարներով ծիրաններն իրացնելու խնդրի առաջ:
«Մեր հայրենակիցները, գտնվելով իրենց ենթակայության տակ, բնականաբար, հանել են այդ ամենը։ Արկղերը, որոնց վրա գրված է «Արմենիա», ասել են՝ «դրանք էլ հանեք երևացող տեղերից», ու հայկական համարանիշներով ֆուռերը ներս չեն թողել։ Մեր որոշ հայրենակիցներ կարողացել են տեղում ինչ-որ ռուսական համարներ դնել ու անցնել, բայց 50 բեռնատար՝ ծիրաններով, ամբողջ գիշերվա ընթացքում մնացել են դրսում»,- ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ում ընկերն աշխատում է «Ֆուդ Սիթիում»։
Ըստ մեր զրուցակցի՝ մեր ազգային, հայրենասիրական աջակցությունը միշտ և ամենուր կա․ «Բեռնատարները չմնացին «անտեր», 140-150 ռուբլիով վաճառեցին ծիրանները մեր իսկ հայրենակիցներին, ու մոտ 40 րոպե առաջ տեղեկացա, որ ընդամենը 3 բեռնատար է մնացել»,- ասաց Մարիամը։
Հիմնական խնդիրն այն է, որ սեփականատերերից 2-ը Ադրբեջանում ծնված հրեաներ են, և, ըստ Մարիամի, բավականին «լուրջ դեմքեր» են։
«Մեր հայրենակիցներից մեկը, ով ինձ ինֆորմացիա է տրամադրում «Ֆուդ Սիթիից», ասաց, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ևս այնտեղ են եղել, ժամերով բանակցություններ են վարել, բայց ոչ մի տեղ չի եղել ինֆորմացիա այն մասին, որ մերոնց դուրս են հրավիրել»,-ընդգծեց Մարիամը՝ նշելով, որ այնտեղ դեռ նույն իրավիճակն է․ հայկական անուններ կրող արկղերը դեռևս փակված են։
Մեր հայրենակցի խոսքով՝ «Բուխտա»-ն, որը հայկական շուկա է համարվում, մեր հայրենակիցներին հրավիրել է բեռնատարներն անվճար կայանելու, և այս պահին «Բուխտա»-ում նույնպես վաճառք է իրականացվում։
«Հիմա ամեն մեկը 4 արկղ գնել է, բայց բնական է՝ մի շաբաթ անց չեն կարողանա նորից նույնքան գնել, այսինքն՝ խնդիրը ունի հրատապ լուծման կարիք»,- մտահոգված է քաղաքագետը։
Մարիամի խոսքով՝ ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչ են անում․ «Հուլիսի 13-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հարակից այգում Ադրբեջանի դեսպանը հավաքել էր համայնքի ներկայացուցիչներին, ու երիտասարդները 100 հոգանոց երթ էին կազմակերպել։ Այդ ժամանակ Ռուսաստանի իրավապահ մարմինները բոլորին հավաքեցին, տարան։ Քայլերթն էլ համաձայնեցված չէր և անօրինական էր»,- ասում է նա և հավելում․ «Ի՞նչ իրավունք ունի դեսպանը 3-րդ պետության հարակից այգում մարդկանց հավաքել, ելույթ ունենալ, շնորհակալություն հայտնել, որ նման քայլերի են դիմում»։
Քաղաքագետը անդրադարձավ նաև երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից «Ֆուդ Սիթիում» ծիրաններ ճզմելու միջադեպին․ «Ադրբեջանցիները միշտ ասում են, որ դուդուկը ադրբեջանական է, մինչդեռ իրենք ծիրանը դարձնում են հայկական սիմվոլ, այն դեպքում, երբ դուդուկը պատրաստում են ծիրանի ծառից։ Մոսկվայում հայերը ասում են՝ մենք ունենք մեր «ծիրանային» պատերազմը»,- նկատեց Մարիամը։
Նրա կարծիքով՝ եթե Պուտինը տեղյակ լիներ այս ամենից, ապա մեր հայրենակիցների նկատմամբ սանկցիաներ այլևս չէին կիրառվի։
Արփինե Հակոբյան