2020 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին և ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի և ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Սարի Թաղի 27-ամյա բնակիչը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Սարի Թաղի 39-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սարի Թաղում հրազենային վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի 27-ամյա բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում եմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: