10 րոպե, 20 րոպե, 30 րոպե․․․ սպասում ես կանգառում՝ հուսալով, որ շուտով կգա համապատասխան երթուղին, ու աշխատանքից հոգնած՝ կկարողանաս տուն հասնել։ Ժամերով սպասելուց հետո վերջապես մոտենում է «բաղձալի» երթուղայինը, սակայն չի կանգնում, որովհետև երթուղայինում նույնիսկ կանգնելու տեղ չկա։ Հույսդ չկորցնելով՝ նորից սպասում ես։ Նորություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանում՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, չի թույլատրվում երթուղայիններում նստատեղերի քանակից ավելի մարդկանց փոխադրումը։

 

Գալիս է հաջորդ տրանպորտային միջոցը, շտապում ես, որպեսզի հասցնես նստել, դե գիտեք երևի, երեկոյան ժամերին երթուղային նստել գրեթե չի հաջողվում։ Երթուղայինների որոշ վարորդներ խստորեն հետևում են պարետի սահմանած կանոններին, որոշների համար էլ միևնույն է։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հաղորդմամբ՝ 63 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղին կանգնեց կանգառում այն  դեպքում, երբ նստելու, նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Մոտավորապես 5-6 հոգի սպասում էին նույն երթուղայինին, սակայն նրանցից միայն չորսը կարողացան բարձրանալ։

Կինը, ով երեխայի հետ էր, կարողացավ միայն երեխային նստեցնել (մեկ այլ ուղևորի կողքին), իսկ ինքը կանգնած մնաց։ Դա առաջացրեց մի քանի ուղևորների դժգոհությունը, երթուղայինում վեճ սկվեց։ Պարզվեց՝ կինը արդեն 6 երթուղի էր բաց թողել, իսկ երեխայի հետ այլևս սպասել չէր կարող։ Նստած ուղևորներից մեկը, տեղը զիջելով մեզ արդեն հայտնի կնոջը, իջավ երթուղայինից։ Վարորդը չէր պատրաստվում շարժվել՝ պատճառաբանելով, թե կանգնած ուղևորներ կան։ Կանգնածների հարցին, թե այդ դեպքում ինչու կանգնեց և մարդկանց թույլ տվեց երթուղային բարձրանալ, վարորդն ասաց՝ «իջնող կար, մտածեցի՝ մի կերպ կտեղավորվենք»։ Այնինչ, մեր թղթակցի փոխանցմամբ՝ երթուղայինից տվյալ կանգառում իջնողներ չկային։ Մարդիկ սկսեցին իջնել երթուղայինից, որպեսզի վարորդը «հանգիստ խղճով հետևելով համավարակի կանոններին» շարունակեր ճանապարհը։ Վարորդը չկարողացավ համակերպվել ուղևորներ կորցնելու փաստին և հասցրեց վերջիններիս «հետևից խոսել»։

Ի՞նչ են ուզում ապացուցել վարորդները, ինչո՞ւ տրանսպորտային խնդիրները մեր երկրում այդպես էլ լուծում չեն ստանում, այնինչ, համավարակով պայմանավորված պետք է խստագուն վերահսկողություն իրականացվեր։ Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու այս հարցը և ե՞րբ են մեր երթուղայինների վարորդները հասկանալու, որ պետք է ուղևորի հետ խոսել առանց ձայնի տոնը բարձրացնելու ...

Արփինե Հակոբյան