Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակել շրջակա միջավայրի նախարար: Իրականում այս որոշումը որքան էլ սպասված էր, միաժամանակ ոչ միանշանակ է ընդունվել հանրության մեծամասնության կողմից այն պարզ պատճառով, որ Ռոմանոս Պետրոսյանը դասական օրինակ է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի մարզպետը: Վերջինիս ղեկավարության շրջանը աչքի ընկավ միայն տարաբնույթ սկանդալներով, դատական հայցերով, ներքաղաքական և ներթիմային ռազբորկաներով, սկանդալային ֆեյսբուքյան ստատուսներով: Փոխարենը` Կոտայքի մարզում այդպես էլ չարվեցին խոստացված հեղափոխական փոփոխությունները, չբերվեցին խոստացված միլիոնների ներդրումները: Դրա փոխարեն` մարզպետը զբաղված էր համայնքների ղեկավարների վրա դանոսներ գրելով և նրանց ոտքի տակը փորելով: Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն անգամ չկարողացավ հաղթել Աբովյանի ընտրություններում:

 

Վերջին սկանդալն էլ, որ կապված է Պետրոսյանի անվան հետ, վերջինիս ֆեսյբուքյան գրառումն էր, որում նա Մարգարիտա Սիմոնյանին անվանել էր «ռուսուլման»: Ահա այսպիսի հրաշագեղ կադրեր է ծնել ՔՊ-ն, և հենց նրանք են մարզի ղեկավարումը տապալելուց հետո կարիերային թռիչք գրանցում՝ վտանգի տակ դնելով ևս մեկ անչափ կարևոր, եթե չասենք` ռազմավարական ոլորտի զարգացում: Միակ դրական արդյունքը, որ գրանցել է Պետրոսյանը մարզպետի պաշտոնին, անձամբ իր համար էր դրական. այն էլ 104․5% պարգևատրվելն էր, ընդ որում, մարզպետը պարգևատրվում էր ամեն ամիս: 


Ինչ է անելու Ռոմանոս Պետրոսյանը արդեն նախարարի պաշտոնում, բացի իհարկե Դեբեդում ռաֆթինգի մասնակցելուց և ինքնապարգևատրվելուց, և ինչ կապ ունի նա ընդհանրապես այն ոլորտի հետ, որը վստահվել է իրեն: Մի բան ակնհայտ է. Փաշինյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են յուրայիններ, վստահելի մարդիկ` հատկապես այս պաշտոնում, քանի որ սրվում է Ամուլսարի հարցը, այն դառնում է օրակարգային, և վարչապետին անհրաժեշտ է այնպիսի մարդ այս դիրքում, ով անվերապահորեն կկատարի իր հանձնարարականները. մի բան, ինչը, ըստ էության, չէր ցանկանում անել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, ինչն էլ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը: