Տավուշի մարզի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժնում և ծննդատանը համապատասխան պայմաններ ապահովելու համար իրականացվել է հաշվարկ և գույքագրում։ Այս մասին Տավուշ ՀԸ-ի եթերում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Չոբանյանը նշեց, որ Աչաջուրի ծննդատան խնդիրն առաջացել է ամիսներ առաջ. կասեցվել է ծննդատան հավաստագիրը, որովհետև հիվանդանոցը չունի համապատասխան պայմաններ։
«Սա իրավական առումով ճիշտ է, բայց ես հայտարարել եմ, որ մեզ համար կարևոր է ցանկացած բուժհաստատության արդյունավետ գործունեությունը։ Մասնավորապես, Աչաջուրի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժինն ու ծննդատունը տարիների փորձ ունեն, և մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար առաջնային է»,- ասաց նա։
Մարզպետի խոսքով՝ ամիսներ առաջ, երբ այս հարցը ծագել էր, իրենք իրականացրել են հաշվարկ և գույքագրում, ինչը գնահատվել է մոտ 150 մլն դրամ։ Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել վիրահատարան, սարքավորումներով հագեցնել, ինչը թույլ կտա, որպեսզի այդ առողջության կենտրոնը բավարարի այն պայմաններին, ինչի հիման վրա կտրվի համապատասխան լիցենզիա։
«Մենք այս հարցը քննարկել ենք դոնոր կազմակերպությունների հետ, նույնիսկ եղել է այց բարերարի հետ հիվանդանոց, մանրամասն ուսումնասիրություն է իրականացվել։ Ընդ որում, առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարության, առանձին սարքավորումների առումով։ Կարծում եմ` եթե համավարակը չլիներ, որն ամբողջ աշխարհին խանգարեց, մենք այդ խնդիրն արդեն լուծած կլինեինք, սակայն խնդիրը մնում է նույնը, ոչինչ չի փոխվել»,- ասաց Չոբանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում