Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով` հիմք ընդունելով դիմումատուների նյութերը քաղաքացիական ծառայողներին ուղղված զարմանալի կոչի վերաբերյալ, որով արգելվում է նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը հիշատակի օրվա նախօրեին: Այս մասին սոցցանցում իր էջին հաղորդել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինան, փոխանցում է Analitikaua.net-ը:

 

«Հերթական բարեւն այս փաստաթղթի ստորագրին` ընկեր Բոդնարին, միայն այժմ` իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, առաջինը, իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդը` օգտագործել պաշտոնական դիրքը նույն նպատակով, եւ երրորդը` պաշտոն զբաղեցնել` բացարձակապես վնասակար տարր լինելով միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար»,- գրել է նա: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը նամակ էր ուղղել ուկրաինացի պաշտոնյաներին, որտեղ խնդրել էր նրան զերծ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց:

Այդ նամակը Վոլոդինան տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին: Նամակում նշվում էր, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ դիվանագետն ուկրաինացի պաշտոնյաներին խնդրել էր զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին մասնակցությունից եւ այդ եզրույթի օգտագործումից: