Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախանձելի հաճախականությամբ վարույթ է հարուցում այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, կատարում է ուսումնասիրություններ այս կամ այն խախտման հետքերով, սակայն իրավիճակի ողջ զավեշտը կայանում է նրանում, որ հանրությունը այդպես էլ չի տեսնում գեթ մեկ պատժված թավշյա պաշտոնյայի, այն նույն ժամանակ, երբ հպարտ քաղաքացիները հանրապետության փողոցներում բառի բուն իմաստով` վերածվել են «տուգանքի մատերիալի»: 

 


Ընդամենը երեկ առերևութ խախտման հետքերով վարույթ է հարուցվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ: Կասկած անգամ չկա, որ այդ առերևույթ խախտումից վաղը ոչինչ չի մնա և Փաշինյանի թիմի ամենա առանցքային անդամին ջրից չոր դուրս կբերեն:

Շաբաթներ առաջ նմանատիպ վարույթ էր հարուցվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ: «Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ:


Վերջերս էլ հանձնաժողովը պարզել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները: Այդ պատճառով նախարարին տուգանեցին 200 հազար դրամով, սակայն մեծ հարց է մնում՝ իսկ ի՞նչ էր այդպես ջանում թաքցնել Բաթոյանը, դա արդյո՞ք հանձնաժողովին չի հետաքրքրել: 


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս վարույթը հարուցվել է փաստաբան Վահագն Մնացականյանի դիմումով և վերաբերում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքին։ Այս մասով նույնպես ոչ մի նորություն չկա: 


Ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռևս վարույթ չի ընդունել: 


Այսինքն, ստացվում է, որ հանրության մեծամասնությունը այս իշխանությունների համար տուգանքի մատերիալ են, նրանց կարելի է տուգանել, ընդհուպ մինչև կալանավորել 40 աստիճան շոգին դիմակ չկրելու համար, իսկ առերևույթ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված յուրայինները գտնվում են վերևների բարձր հովանու տակ: Ավելին՝ նման ստուգումները հանձնաժողովի կողմից միայն լեգիտիմացնում են այդ խախտումները և ռեաբիլիտացնում թավշյա պաշտոնյաներին, քանի որ հետագայում Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ստուգումներ եղել են, սակայն իր թիմակիցները մաս-մաքուր են դուրս եկել…