Սխալ է և մակերեսային է այն մոտեցումը, թե այս գործին պետք է վերաբերվել ընդամենը քրեադատավարական չափման մեջ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ կիսագաղութային համակարգը 2018թ ընդամենը կոսմետիկ վերանորոգման էր ենթարկվել և Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։

 

Ավետիսյանի խոսքով՝ հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց, քանի որ իմիտացիան շարունակվում է և ժողովուրդը հեղափոխական ոգեղենության ընթացքի մեջ է, բնականաբար՝ կեղեքիչ և օտարին ծառայող ռեժիմը չէր կարող ձևական իրավական տեսակետից սովորական ընթացքով պատժաչափեր նախատեսել ։

«Այդ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում ընդվզումը մեղմելու նպատակով»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց, որ ազգային ազատագրական պայքարը շարունակվելու է մինչև ՀՀ լիակատար ազատագրումը մոսկվայակենտրոն կիսագաղութային կախյալությունից և Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա ՀՀ վերակերտումը տեղի է ունենալու՝ անկախ իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումներին։

«Դատավարական մանրուքներին, այս խեղկատակության հետ կապված որևէ մանրուքի, ես անհրաժեշտություն չեմ համարում պատասխանել, որովհետև սա քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ և մատուցմամբ»,- ասաց Ավետիսյանը։