Ուժային կառույցների ղեկավարների՝ ոստիկանապետի և ԱԱԾ ղեկավարի հրաժարականների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա կարծիքով՝ ուժային կառույցների ղեկավարների՝ աշխատանքից ազատվելը սպասվելիք ռևանշը կանխող քայլ էր:
«Վերջին իրադարձությունները ես և իմ թիմը համարում ենք լուրջ առաջընթաց և համոզված ենք, որ գործընթացը պետք է շարունակվի: Համակարգային փոփոխություններ պիտի լինեն պետական կառավարման ամբողջ բլոկում, ինչպես նաև կյանքի մյուս բոլոր ոլորտներում: Իշխանությունը հասկացավ, որ ռևանշ է հասունանում, որոշեց կանխել շատ ճիշտ փոփոխություններով, որոնք, սակայն, պիտի շարունակական լինեն արդյունավետ դառնալու համար»,- ասաց Ավետիսյանը:
Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելու ու վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու որոշումը, Ավետիսյանը, որպես հետընթաց է արձանագրում. «Ինչին մենք ականատես եղանք Խորհրդային ժամանակներից մեզ մնացած արատավոր իներցիայի դրսևորումն է: Ընդունված պրակտիկա էր, երբ պաշտոնյաներին ազատելուց հետո կամ դեսպան էին նշանակում կամ խորհրդական: Այս առումով կառավարման համակարգում ոչ մի փոփոխություն չի եղել, հին տրամաբանությամբ է գործում: Այս երևույթը, ցավոք, դրա արտացոլումն է»:
Այն հարցին, թե ինչու նախկինից մնացած իներցիան չգործեց Արթուր Վանեցյանի նկատմամբ, Ավետիսյանը պատասխանեց. «Դե ասածս պարտադիր պայման չէ բոլոր դեպքերի համար, բացի այդ ամենայն հավանականությամբ Վանեցյանի հետ կապված կարող են ուրիշ գործոններ եղած լինել, որոնք մեզ հայտնի չեն: Ուստի չեմ կարող համեմատություն անել»:
Վերջերս ակտուալ դարձած «քաղաքական թեժ աշուն»-ը, ըստ Ավետիսյանի, կանխվում է իշխանության կողմից. «Համակարգային փոփոխություններ են սկսվել, որոնք քաղաքական թեժ աշուն ակնկալողներին կարող են հիասթափեցնել: Հայաստանն այս պահին որոշակի անկայունության փուլում է, բայց համոզված եմ, որ ազատ, ինքնիշխան պետականություն ստեղծելու ճանապարհին ենք»,- ասաց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: