Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան շենքի բնակիչները։ Նրանց պահանջը անփոփոխ է՝ լուծել իրենց կիսաքանդ բնակարանների հարցը։ Այս անգամ բողոքի ակցիա իրականացնողները եկել են պաստառներով, որում գրված է՝ «Լուծե´ք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»։
«Մենք Եկմալյան փողոցի բնակիչներ ենք՝ տուժած անձնավորություններ, որոնց տները 2006 թվականից կեսը քանդել են, կեսը մնացել ա։ Պապոյան Գագիկը խոսք էր տվել, որ էդ հատվածում պետք ա համ մեզ տուն տար, համ էլ բարձրահարկ շենք կառուցեր, բայց մինչև օրս էդ հարցը լուծված չի։ Հանրային գերական շահով որոշված էր, որ քաղաքապետարանը պետք է մի հատ շենք կառուցեր, սկսեցին արագ-արագ քանդել, բուլդուզերներ բերեցին, ու շենքը դեռ կառուցված չի։ Ժողովուրդը, որը մնացել ա առանց տան, ապրում ա խոզանոցներում, շների, կատուների, կռիսների հետ միասին, մի մասն էլ վարձով ա ապրում, ու չի կարում իրա անկյունը ստեղծի, կան մարդիկ, որոնք փողոցներում են քնում, էլ չասեմ, որ որոշներն էլ էս դարդից մահացան»,- ասաց Սարի թաղի բնակչուհին։
Ըստ նրա խոսքերի՝ ամեն անգամ հավաստիացնում են, որ կառավարության նիստի ժամանակ իրենց հարցը ևս կքննարկվի, բայց ամեն հինգշաբթի գալիս են կառավարության դիմաց՝ նույն խնդիրը բարձրաձայնելու․ «Մենք ամեն հինգշաբթի գալիս ենք էստեղ՝ցույցեր ենք անելու, բայց արդեն բոլորիս ներվերը քայքայված ա, շատերս սրտի խնդիրներով ենք։ Էս առողջական խնդիրներով բոլորս եկել ենք ստեղ, որ մեր խնդիրը լուծվի»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողը։
Բնակչուհին նաև նշեց, որ այդ խնդրով հանդիպել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, որը հավաստիացրել է, որ այդ խնդրին անպայման լուծում կտրվի՝ բայց էդ հանդիպումից արդեն անցել է 7 ամիս։