Երեկ երեկոյան մեղադրող կողմը միջնորդեց մեղավոր ճանաչել «Սասնա Ծռեր 1» գործով ամբաստանյալներին՝ պահանջելով նրանց դատապարտել երկարատեւ ազատազրկման։ Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր «Սասնա Ծռերի» ղեկավարության հետ, ընդհանուր օրակարգ քննարկում: Այդ հանդիպումը, մեղմ ասած, ռեզոնանսային էր, հանրության կողմից վարչապետի այդ քայլը չէր ընկալվել: Անգամ հնչեցին կարծիքներ, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին և հույսը դնելու է «Սասնա Ծռերի» ռազմականցված թևի վրա: Սակայն, իրականությւոնը փոքր-ինչ այլ է: Փաշինյանին այդ ժամանակ օդի և ջրի պես անհրաժեշտ էր քաղաքական դաշտը կոնսոլիդացնել իր շուրջ և թույլ չտալ, որպեսզի քաղաքական ուժերը գնան ընդդիմադիր դաշտ: «Սասնա Ծռերի» հետ հանդիպումը հենց այս համատեքստում էր և այն ժամանակ, կարծես թե, կողմերը ընդհանուր հայտարարի եկան: 

 


Ի՞նչ փոխվեց հիմա: Հասկանալի է, որ դատախազի այս որոշումը թելադրված է վերևներից, և Փաշինյանը փորձում է ձերբազատվել Ծռերից: Ինչո՞ւ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում «Սասնա Ծռերի» կողմից ուլտիմատումի տեսքով պահանջ էր հնչում՝ դուրս բերել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան: Մի քայլ, որին Փաշինյանը, իհարկե, չի կարող գնալ: Սակայն ինչո՞ւ են Ծռերը նման պահանջ ներկայացնում: Այն, որ «Սասնա Ծռերը» Հայաստանի ամենաարևմտամետ քաղաքական ուժն են, փաստ է, ինչպես նաև փաստ է, որ այդ քաղաքական ուժը սերտ կապեր ունի սորոսականների հետ:

Իսկ սորոսականները վերջին շրջանում հրապարակայնորեն դժգոհություն են հայտնում Փաշինյանից այն պատճառով, որ վերջինս դանդաղում է պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: «Սասնա Ծռերի» և սորոսականների պահանջները ընդհանրապես չպետք է առանձնացնել միմյանցից, քանի որ դրանք նույն քաղաքական թիմի պահանջներն են: Փաշինյանը այսօր փորձում է ինքնուրույն խաղ սկսել և որոշակիորեն անկախանալ սորոսականներից, քանի որ հասկանում է՝ նրանց պահանջների կատարումը կարող է իր համար շատ թանկ արժենալ: 


Հենց այդ ինքնուրույն խաղի համատեքստում էլ պետք է դիտարկել և՛ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը, և՛ «Սասնա Ծռերի» նկատմամբ դատախազի անչափ կոշտ միջնորդությունը: