«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին եւ հետաքրքրվում՝ մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ։
Հիշեցնենք՝ նման ցուցակագրման աշխատանքներ իրականացվել էին դեռեւս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սակայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված՝ նորից փակվեցին մանկապարտեզները: Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ: Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն։ Դասերը կլինեն առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»: