Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ամփոփել է Covid-19 համավարակի դեմ պայքարում իրականացրած աշխատանքները:

 

Ինչպես նշվում է ծառայության ֆեյսբուքյան էջում, դեռևս մարտ ամսից ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց, աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը և միևնույն պահին 6 կանչ ընդունող համակարգը օրվա որոշակի պահերի չէր հասցնում ընդունել բոլոր կանչերը. 1-03 կարճ համարը զբաղված էր: Հունիսի 2-րդ կեսին առկա 6 դիսպետչերական հենակետերին ավելացվեց ևս 4-ը՝ հնարավորություն ստեղծելով միևնույն պահին ընդունել տասը կանչ:

Նշվում է նաև, որ կանչերի քանակը հունիս-հուլիս ամիսներին միջին օրական ցուցանիշը գերազանցեց շուրջ 40%-ով՝ հասնելով օրական 920-ից 1000 կանչի: Օգոստոսի առաջին տասնհինգ օրվա ընթացքում իրականացվել է 9985 կանչ` օրական միջինը 665 կանչ, որը փաստում է դեպքերի նվազեցման միտումը:

 

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ բրիգադների միջոցով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր է տեղափոխվել 8397 պացիենտ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի առողջապահության բնագավառի լիազոր մարմինների կազմակերպմամբ էլ ավելի բարձրացավ փոխհամագործակցությունը և հետադարձ կապը հիվանդանոցային, շտապօգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջև.

«Համավարակի դեմ պայքարում արձանագրված հաջողությունը առողջապահության վերոնշյալ օղակների համատեղ աշխատանքի արդյունքն էր»: