Փորձագետ Իզաբելլա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին դատարանում ընթանում է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության 6 անդամների, այսպես կոչված «աղբի գործով» դատական նիստը։ Քանի որ շատերը լավ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել, Միքայել Հովհաննիսյանը և ես կազմեցինք այս տեղեկանքը։ Խնդրում եմ տարածել։
Ընթացքում է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի, Յուրի Ավագյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրսյանի, Դավիթ Սիմոնյանի, Հրաչ Խլղաթյանի գործով դատական նիստը։ ՀՀ դատախազության կողմից վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին աղաբամնը նետելու անհաջող փորձի համար նրանց մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար» ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մեղսագրվող արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Միջադեպից անմիջապես հետո, սակայն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Համաձայն իրավապաշտպանների և անկախ լրագորղների` մեղադրանքը խստացվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։
Գործի էությունը
2019թ․ մարտի 4-ին Երևանի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամները փորձ են կատարել վիդեոբլոգեր և «Վետօ» խմբի ներկայացուցիչ Նարեկ Մալյանին նետել աղմաբանը։ Դեպքի մասին տեսագրությունը հրապարակել են հենց «Ռեստարտ» նախաձեռնության անդամները և տեսագրությանը կցած հայտարարությունում նշել, որ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու և որ դա հայհոյանքի դեմ հանրային ակցիա է։
Նախաձեռնության անդամները բազմիցս հայտարարել են, որ նրանց նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբաման նետելը և նրանք առևանգման նպատակ չեն ունեցել։ Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Նարեկ Մալյանին չեն հայհոյել, չեն հարվածել։ Աղբաման նետելու փորձի համար պատրաստ են պատասխանատվություն կրել։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառումների, ուղիղ եթերների և հայտարարությունների միջոցով շուրջ կես տարի պարբերաբար ամենագռեհիկ և վիրավորական ձևով թիրախավորում էր նախաձեռնության անդամներին, որոնք ամենագործուն դերն են ունենցել 2018թ․ հեղափոխության օրերին։ Ըստ Դավիթ Պետոսյանի` հերթական ուղիղ եթերի ժամանակ Մալյանն ասաց, որ նրանք ադրբեջանական գործակալներ են, հետո հայտարարեց, թե՝ Դավիթին ով փող տա, մորը կպառկացնի տակը։ Վերջում էլ՝ ծնող հայհոյեց։ Դավիթ Պետրոսյանի պնդմամբ ակցիան հայհոյանքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում էր։
Հատկանշական է, որ դատական գործի հարուցումից հետո Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է այն տեսագրությունները, որոնք վիրավորական հայտարարություններ են պարունակում «Ռեստարտ»-ի անդամների հասցեին։
Գործի ընթացքը
2019թ․ ի վեր գործով փոխվել է երեք դատավոր, 2019թ. դեկտեմբերին տեղի է ունեցել ընդամենը մեկ դատական նիստ, որը ընթացքում կողմերը ծանոթացել են իրենց իրավունքների հետ, որից հետո դատական նիստերը նորից հետաձգվել են։ Դատական նիստերի հետաձգումները որպես կանոն պայմանավորված են եղել Մալյանի, կամ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի բացակայությամբ։ Գործի հարուցումից հետ ևս Նարեկ Մալյանը շարունակում է խմբի անդամների հասցեին հայհոյանքներ և վիրավորանքներ հնչեցնել, ապատեղեկատվություն տարածել նրանց մասին»։