Չնայած հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները փորձում էին ստեղծել տպավորություն, թե ամեն ինչ այնքան լավ է, իսկ տնտեսական զարգացման տեմպերն այնաստիճան առաջանցիկ, որ շուտով Հայաստանն, առհասարակ, միջազգային ֆինանսական դոնորների ու վարկերի կարիք չի ունենալու, սակայն երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ այդ ամենն, ընդամենն, իրականությունը ցանկալիի տեղ մատուցելու մի նվազ փորձ էր։
ՀՀ պետական պարտքը 2020 թ․ 7 ամիսների ընթացքում ավելացել է 618․2 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կայքից։ 2019 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 321․3 մլն դոլար, իսկ արդեն 2020 թ. հուլիսի 30-ի դրությամբ այն հասել է 7 մլրդ 939․5 մլն դոլարի։ Միայն 2020 թ. հուլիսին պետական պարտքը ավելացել է 220․7 մլն դոլարով։ Հուլիսի 31–ի դրությամբ 7 մլրդ 939․5 մլն դոլարի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ–ի 58.1 տոկոսն է կազմում։ 7 մլրդ 939․5 մլն դոլար պետական պարտքից 7 մլրդ 460․9 մլն դոլարը Կառավարության պարտքն է, 478․6 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ ՀՀ արտաքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 576․7 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 884․3 մլն դոլար։
Պարզ հաշվարկից հասկանալի է դառնում, որ հեղափոխությունից հետո ամեն ամիս Հայաստանը 88 միլիոն 315 հազար դոլար պարտք է վերցնում... 2018 թ․-ին, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը կազմել է 6,7 միլիարդ դոլար: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իշխանությունները չթալանեն՝ պետական պարտքը ավելացնելու կարիք չի լինի, և այն չի ծանրանա սերունդների ուսերին: Այսօր այդ նույն տրամաբանությամբ թալանում են արդեն նոր իշխանությունները՝ առանձնապես չմտածելով սերունդների մասին: Անգամ գույքահարկի կրկնակի ավելացումը, ինչպես նաև հանրության սոցիալ-տնտեսական վիճակը, վատթարացնող այլ հարկատեսակների ներմուծումը պայմանավորված են հենց վարկերը փակելու անհրաժեշտությամբ: Իսկ ինչո՞ւ են իշխանությունները ստիպված ապրել վարկերով, այն պարզ պատճառով, որ այդպես էլ չապահովեցին ներդրումային բում, այդպես էլ չապահովեցին թալանված գումարների վերադարձ: Ավելին՝ վերցրած վարկերի ազդեցությունը հանրային և ոչ մի ոլորտ իր վրա չզգաց, հետևաբար հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ վրա են ծախսվում վերցված միլիոնները…