ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ՀԾԿՀ նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։
Այսօր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը' Ա. Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց մեր վերաքննիչ բողոքը եւ կալանքից ազատեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին, ով ապօրինաբար մեղադրվում է ՀՀ Քր. օր. 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Շնորհակալություն Վերաքննիչ դատարանին…»,- գրել է նա։
Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Նշենք, որ այս գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին, հանձնաժողովի նախկին անդամ Շիրազ Կիրակոսյանին։